ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեւերլիի հետ անցկացված բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնումը ներկայում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունների սեղանին չէ։ «Ինչ վերաբերում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, իրանցիները շատ ամիսներ առաջ «սպանեցին» այս համաձայնագրին արագ վերադառնալու հնարավորությունը: Հնարավորություն կար, որը նրանք մերժեցին, հնարավորություն, որն արժանացել էր ներգրավված բոլոր կողմերի՝ եվրոպացիների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի հավանությանը:
«Մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Կենտրոնանում ենք Իրանի գործողությունների վրա ՌԴ-ին զենքի մատակարարումների առումով՝ Ուկրաինայում անմեղ մարդկանց եւ էներգետիկ ցանցի դեմ կիրառելու համար: Եվ, իհարկե, ուշադրությունը կենտրոնացնում ենք տարածաշրջանում նրա մյուս ապակայունացնող գործողությունների վրա»,- ասել է պետքարտուղարը։
Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ ուշադրության կենտրոնում է նաեւ նախագահ Բայդենի հանձնառությունը՝ թույլ չտալ, որ Իրանում երբեւիցե միջուկային զենք հայտնվի՝ շարունակելով հուսալ, որ դրան հասնելու ամենաարդյունավետ միջոցը դիվանագիտությունն է։ Բլինքենը նաեւ խոստովանել է, որ ԱՄՆ-ի համար «սարսափելի սխալ էր չեղյալ հայտարարել այդ համաձայնագիրը» եւ դուրս գալ ԳՀՀԾ-ից։ «Այժմ գործ ունենք հետեւանքների հետ: Հետեւանքներ, որոնց թվում է Իրանի շատ զգալի առաջընթացն իր միջուկային ծրագրի իրականացման գործում: Սա լրացուցիչ մարտահրավեր է` ի լրումն մյուս գործողությունների, որոնք Իրանը ձեռնարկում է»,- եզրափակել է Բլինքենը։