ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Ռուսաստանին տվյալներ է փոխանցել, ըստ որոնց՝ հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել Արցախ։ Լավրովն ասել է, որ նախօրեին զրուցել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Լաչինի միջանցքը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է ազատ լինի բեռնատարների տեղափոխման, ինչպես նաեւ քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժման համար։ Բնականաբար, այնտեղ առանձին նշված է նաեւ, որ ոչ մի ռազմական բեռ այդ ճանապարհով չպետք է անցնի։
«Ադրբեջանցիները տվյալներ են փոխանցել, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել։ Նշել են, որ հայտարարության խախտմամբ դրանք օգտագործվել են ադրբեջանական դիրքերի հարակից տարածքներն ականապատելու նպատակով։ Ներկա պահին մեր զինվորականներն ուսումնասիրում են դրանք»,- նշել է Լավրովը։
Ըստ նրա` շատ են փոխադարձ մեղադրանքները, իրենք էլ առաջարկել են շատ պարզ մի բան` ռուս խաղաղապահների զորախումբը, որը, եռակողմ հայտարարության համաձայն, լիազորված է վերահսկել երթեւեկությունը, ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի ստուգի յուրաքանչյուր տրանսպորտային միջոց` պարզելու այնտեղ արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքներ կան, թե ոչ։ Լավրովը հավելել է, որ օրեր առաջ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը։ «Կարծում եմ, որ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի»,- հույս է հայտնել ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։