Վերջին օրերին սոցիալական ցանցերով սկսել են տարածել «Տեսեք, թե ինչ տեսա», «Տեսանյութում դո՞ւ ես» վերնագրված հաղորդագրությունը: Հղումը բացելիս Ֆեյսբուքի գաղտնաբառ է պահանջվում, որից հետո օգտահաշիվը կա՛մ արգելափակվում է, կա՛մ օգտատիրոջ անունից տվյալ տեսանյութն ուղարկվում է նրա ընկերներին: CyberHUB-ի համահիմնադիր, մեդիափորձագետ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Արթուր Պապյանը «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ այդ վիրուսը տարածվում է «Տիկ-տոկ» հասցեով։
Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս անվտանգությունն ապահովելու համար համոզվել, որ սոցիալական կայքերում երկգործոն անվտանգություն է միացված, որ եթե նույնիսկ օգտահաշիվը արգելափակվի, հնարավորություն լինի երկրորդ գործոնով, օրինակ՝ նամակի միջոցով կամ հատուկ հավելվածի միջոցով կոդ գեներացնել, վերականգնել օգտահաշիվը: Այդ անվտանգության թարմացումները, որոնք անընդհատ գալիս են հեռախոսի վրա, հենց այնպես չեն արվում, դրանք բաժանորդին հետ են պահելու բազմաթիվ անախորժություններից:
Պապյանը հորդորում է հին հեռախոսում կարեւոր տեղեկություններ, բանկային հավելվածներ չպահել, քանի որ հղումը բացելով՝ կարող են սարքից կարեւոր տվյալներ արտահանել: