Սա իրեղեն ապացույցների պահպանման հարթակ է։ Այստեղ կան 1000-ից ավելի հրթիռների մնացորդներ՝ մոտ 100 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։ Նման մի քանի վայրեր կան Խարկովում: Այստեղ հավաքված ապացույցների մեծ մասը Խարկովի հրետակոծությունից է մնացել, երբ բռնկվեցին ամենազանգվածային մարտերը, հրետակոծությունները, երբ ավերվեցին հյուսիսային Սալտովկան եւ մեր քաղաքի այլ շրջաններ:
Ամեն գնդակոծությունից հետո քրեական գործ է հարուցվում Ուկրաինայի քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի համաձայն` որպես պատերազմական օրենքների խախտում: Հրթիռակոծությունից անմիջապես հետո՝ մի քանի ժամվա ընթացքում, Ուկրաինայի անվտանգության ծառայության, ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները դեպքի վայրում զննում են անցկացնում, արձանագրում տուժածներին եւ վկաներին վերաբերող փաստերը՝ ապացույցների բազա հավաքելու նպատակով։
Խարկովի մարզում հրետակոծության ավելի քան 5000 քրեական գործ է մուտքագրվել նախաքննական միասնական գրանցամատյանում։ Այսինքն՝ ավելի քան 5000 գնդակոծություն է եղել Խարկովում եւ տարածաշրջանում։
Այստեղ ներկայացված զինամթերքի կտորներից յուրաքանչյուրն ունի նշում քրեական վարույթի համարով, ճշգրտորեն նշված է այս կամ այն հրթիռի ընկնելու վայրը: Այստեղ ներկայացված զինամթերքի ավելի քան 80%-ը բազմակի արձակման հրթիռային համակարգեր են, ինչպիսիք են Սմերչը, Ուրագանը, Գրադ Б-21-ը: Կան թեւավոր հրթիռներ, Իսկանդեր, որոնք կրակվել են նաեւ Խարկով քաղաքի ուղղությամբ։
Մեր քաղաքի, ինչպես նաեւ Խարկովի շրջվարչակազմի շենքի վրա տասնյակ հրթիռներ են արձակվել, գնդակոծվել է Սալտովկայի հանրակացարանը, որտեղ մոտ քսան մարդ է զոհվել։
Նման հրթիռների արժեքը մոտ մեկ միլիոն դոլար է, իսկ մնացած հրթիռային համակարգերը, որոնք ներկայացված են այստեղ, արժեն մոտ 100 հազար դոլար։ Այսինքն՝ յուրաքանչյուր նման կրակոց ռուսական տնտեսության բյուջեից է, որը կարող էր ծախսվել հենց Ռուսաստանի զարգացման վրա, բայց Ռուսաստանը որոշեց այդ գումարով սպանել Ուկրաինայի քաղաքացիներին, Խարկովի բնակիչներին։
Ռուսաստանը Խարկովում օգտագործում է նաեւ միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային զինամթերք, որոնց ասեղանման տարրերը խոցում են կենդանի ուժին, Խարկովի բնակիչներին։ Այդպիսի զինամթերքից զոհվել են
Խարկովի տասնյակ բնակիչներ։
Նման զինամթերքն աշխարհում արգելված է, սակայն Ռուսաստանը շարունակում է դրանք օգտագործել մեր քաղաքում։ Նման զինամթերքը չի վնասում ռազմական ենթակառուցվածքներ կամ ամրություններ։ Դրանից տուժում են միայն քաղաքացիական անձինք, ովքեր ավտոբուսների ու տրամվայների կանգառներում են կամ քայլում են փողոցներով եւ զոհվում են նման հրետակոծությունների հետեւանքով:
Զինամթերքի այս մնացորդները ապացույց կծառայեն ոչ միայն ուկրաինական դատարաններում, այլեւ կարող են օգտագործվել եւ օգտագործվելու են միջազգային քրեական դատարանում։ Այս հարթակում արդեն բազմիցս աշխատել են
միջազգային փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից եւ հավաքել են անհրաժեշտ տեղեկությունը։ Փորձագետները գալիս են այստեղ արձանագրելու, փաստագրելու եւ արդեն աշխատելու են այդ ապացույցների հետ համապատասխան դատական ատյաններում։