Ուղիղ 1000 տարի առաջ Վահրամ Պահլավունու կառուցած «Մարմաշեն» վանական համալիրի տարածքը վերածվել էր պարողների եւ պարասերների համար կենտրոնի:
Շիրակի մարզում «Ախուրյան» շուրջպարին միանալու համար շուրջ 2000 պարող, այդքան էլ մասնակից էին եկել հանրապետության մարզերից եւ մայրաքաղաքից: Հավաքվածները շուրջպարի հզոր հնչյունների ներքո օղակեցին վանական համալիրը:
Որ ախուրյանցիները սեփական պար կունենան, որն իրենցից բացի կպարեն ամբողջ հանրապետության պարողները, անգամ չէին կարող պատկերացնել:
Ախուրյանում ծնված եւ մեծացած, բայց արտասահմանում աշխատող Մելիք Խաչատրյանը ո՛չ հռչակավոր բարերար է, ո՛չ էլ մեծանուն գործարար: Նրան Ախուրյանում ճանաչում են որպես ծննդավայրը սիրող, հայրենակիցների համար ոչինչ չխնայող մարդու՝ ախուրյանցի Մելոյի: «Երբ Ախուրյանն այլ գյուղերի հետ միավորվեց, խոշորացավ, երազանք-նպատակ դրեցի, որ համայնքը համախմբող ոգեղեն մի բան է պետք: Պար ունենալու գաղափարս հայտնեցի պարուսույց Լիպարիտ Մարկոսյանին, որը ստանձնեց պարին կյանք տալու ամբողջ գործընթացը»,- պատմում է «Ախուրյան» պարի մտահղացման հեղինակ եւ ֆինանսավորող Մելիք Խաչատրյանը: Այսօր արդեն հպարտությամբ է փաստում, որ պարը շուրջպարի վերածվեց՝ միավորելով ո՛չ միայն Ախուրյանը, այլեւ համայն հայությանը:
Խաչատրյանը եղածով բավարարվել չի պատրաստվում: «Ուզում ենք հիմա էլ երաժշտության հիման վրա «Ախուրյան» երգ-պար ունենանք»,- ասում է բարերարն ու հույս հայտնում, որ շուջպարն ամենամյա կդառնա։
Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գեւորգյանը պարի վերաբեմադրողն է: Ասում է՝ նոր կյանք ստացած պարը միասնականության հզոր գաղափարն է կրում։ «Սա վերահավաքագրած պար է, Սրբուհի Լիսիցյանն է դետալ առ դետալ պեղել, հավաքագրել, թափված քարերի նման մեկտեղել, շարել, նոր կյանք տվել»: Գեւորգյանը համայնքի պար ունենալու գաղափարը առաջինն ու հաջողված է համարում, առաջարկում, որ բոլոր համայնքներն ունենան իրենց պարը:
Նշենք, որ մինչ մեծ միջոցառման մեկնարկը նախաձեռնող խումբը շրջել է Ախուրյան համայնքի երեք տասնյակից ավելի բնակավայրերում, շուրջ 1000 մասնակիցների անվճար ուսուցանել պարը:
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն ասում է՝ համայնքը 33 գյուղական բնակավայրերի միավորում է։ Մարդիկ փոքր-ինչ դժվարությամբ են վարժվում մտքին, որ բոլորը մեկ համայնքից են: Ըստ համայնքի ղեկավարի՝ միասնական շուրջպարը առիթ է, որ միավորված համայնքի բնակիչներն իրենց զգան որպես մեկ մեծ համայնքի մասնիկ: «Արդեն փաստ է, որ այսուհետեւ ամեն ախուրյանցու հարկի տակ ուրախություններն առանց «Ախուրյան» շուրջպարի չեն լինի»,- ասում է համայնքի ղեկավարը։
Տոնակատարության ընթացքում գլխավոր՝ «Ախուրյան» պարից բացի՝ տարբեր շուրջպարերով ելույթներ են ունեցել Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմում գործող, ինչպես նաեւ համայնքային պարային խմբեր մարզերից եւ մայրաքաղաքից, Երեւանի ՄՊՀ-ի մշակութաբանության բաժնի պարարվեստի դասախոսներ, ուսանողներ, հանրապետությունում ճանաչված մշակութային գործիչներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։